ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի համոզմամբ՝ 90-ականներին ՀՅԴ-ականների ձերբակալություններից հետո Հայաստանում քաղբանտարկյալներ չեն եղել: ԱԺ ճեպազրույցների ժամին նա նշեց, որ սա ոչ թե կուսակցության չափորոշիչներով են որոշում, այլ գնահատում են Եվրոպայի խորհրդում ընդունված 5 չափորոշիչներով: «ԵԽ հինգ չափորոշիչներին համապատասխան Հայաստանում քաղբանտարկյալներ չեն եղել ու չկան»,- ասաց նա: Ըստ Ռուստամյանի՝ կոնկրետ Վարդգես Գասպարիի կալանավորման հարցով պետք է գնահատեն անաչառ, անկողմնակալ մասնագետները և ոչ թե քաղաքական դրդապատճառներով գնահատական տան: «Եթե այդ չափորոշիչներին համապատասխանի, այդպես կհամարվի: Եվ դրա ընթացակարգն էլ կա՝ ԵԽ-ն, որ զբաղվում է այդ ամեն ինչով։ Եթե այդպես լինի, մոնիտորինգի հանձնաժողովը կարձագանքի, և համապատասխան մարմինները պատասխան կտան, ոչ թե ով երբ ուզի, իր նախասիրություններից ու քաղաքական ենթատեքստերից ելնելով՝ որոշի՝ ով ինչ բանտարկյալ է»,- ասաց նա՝ պատասխանելով հարցին, թե Վարդգես Գասպարին ըստ ՀՅԴ-ի քաղբանտարկյա՞լ է, թե՞ ոչ: Հարցին, թե երբ ՀՅԴ անդամներն էին բանտախցերում, միջազգային կառույցներն ու կազմակերպություննե՞րն էին գնահատական տվել, որ նրանք քաղբանտարկյալ են, Ռուստամյանը պատասխանեց. «Ցավոք, այն ժամանակ չկային այն չափորոշիչները, որ հիմա կան: Այն ժամանակ, երբ մենք բանտերում էինք, Հայաստանը ԵԽ անդամ էլ չէր. երևի դա էր սանձազերծել իշխանությանը, որ ինչ ուզեն՝ անեն: Եթե այսօրվա չափորոշիչները վերցնենք ու այն ժամանակվա փաստերի հետ համադրենք, միանշանակ քաղբանտարկյալ են, քաղբանտարկյալն էլ ո՞նց է լինում։ Օրինակ՝ ես բանտարկվում եմ երկու մահապատժի ենթակա հոդվածներով ընդհանուր գումարային 65 տարով, բայց հետո նույն իրենց դատարանը որոշում ու փոխում է պատժամիջոցները՝ դարձնելով երեք տարի»:
«Օրինաց երկիր» խմբակցության քարտուղար Մհեր Շահգելդյանը, պատասխանելով հարցին, թե նորանկախ պատմության ընթացքում ՀՀ-ում քաղբանտարկյալներ եղե՞լ են, թե ոչ, ասաց, որ ժամանակին իհարկե քաղաքական մոտեցումներով նման դեպքեր եղել են:
ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանը հարցին, թե ինչպե՞ս կմեկնաբանի ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի գնահատականը, թե ՀՅԴ անդամների բանտարկումից հետո այլ քաղբանտարկյալներ չեն եղել Հայաստանում, պատասխանեց. «Էն, որ ասում են՝ Հռոմի պապից կաթոլիկ, հիմա՝ հանրապետականից հանրապետակա՞ն»:
ԲՀԿ խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը նշեց, որ հիմնարար կոնվենցիաների մոտեցումներով առաջնորդվելու դեպքում, պետք է ասել, որ մի քանի տասնյակ քաղբանտարկյալներ կան Հայաստանում: Նա չբացառեց, որ նույն համատեքստում կարելի է դիտարկել նաև Վարդգես Գասպարիի դեպքը: «Բայց զերծ կմնամ գնահատականներից, մոտեցումները տարբեր կարող են լինել»,- ասաց նա:
«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը միանշանակ համոզված է՝ ժամանակի ընթացքում եղել են քաղաքացիներ, որոնք քաղաքական հայացքների համար ազատազրկման են ենթարկվել: Միաժամանակ Փոստանջյանը նշեց, թե ցավում է, որ նախկին քաղաքական հայացքների համար հետապնդվողները իրենց հետապնդողներին ողջունեցին ԱԺ-ում՝ նկատի ունենալով Ալեքսանդր Արզումանյանին, Նիկոլ Փաշինյանին, Գագիկ Ջհանգիրյանին, ովքեր կողմ քվեարկեցին ՄԻ պաշտպան Արման Թաթոյանին: